Կայացավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի 15-րդ ազգային վեհաժողովը
2026թ. հունիսի 11-14 Մարիոթ Արմենիա հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի սրտաբանների 15-րդ վեհաժողովը, որը նվիրված էր Սրտաբանների հայկական ասոցիացիայի հիմնադրման 30-ամյակին:
Վեհաժողովին մասնակցեցին մոտավորապես 400 մասնագետ, որոնց թվում՝ հանրահռչակ սրտաբաններ Եվրոպայից և Ռուսաստանի Դաշնությունից: Վեհաժողովի պատվավոր հյուրերն էին պրոֆեսորներ Ալեք Վահանյանը /Ֆրանսիա/, Բեռնար Յունգը /Ֆրանսիա/, Պատրիկ Նատաֆը /Ֆրանսիա/, Սրտաբանության Եվրոպական ընկերության Ավրասիական աշխատանքային խմբի (ESC EuroAsia Task Force) ղեկավար Ռոբերտ Գիլը /Լեհաստան/, Ավեդիս Մատիկյանը /Ֆրանսիա/:
Առանձնահատուկ պատիվ էր Սրտաբանության Եվրոպական ընկերության (ESC) 2026-2028թ.թ. նախագահ պրոֆեսոր Սեսիլիա Լինդեի /Շվեդիա/ և ընտրված նախագահ /2028-2030թ.թ./ Ֆիլիպո Կրեայի /Իտալիա/ մասնակցությունը և ողջույնի խոսքերը Վեհաժողովի մասնակիցներին: Նրանք հանդես եկան նաև գիտական զեկուցումներով:
Վեհաժողովի պաշտոնական հանդիսավոր բացմանը մասնակիցներին և Ասոցիացիային ողջույնի ելույթներով պատվեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ընդգծեց սիրտ-անոթային հիվանդությունների կառավարման և բուժման գործում վերջին տարիներին ձեռք բերված հաջողությունները, որոնք նպաստեցին մահացության իջեցմանը և կյանքի տևողության երկարացմանը Հայաստանի Հանրապետությունում: Ըստ նախարարի, Հայաստանի սրտաբանները իրենց արժանի տեղն են զբաղեցնում սրտաբանների եվրոպական ընտանիքում և մենք պետք է շարունակենք զարգանալ ժամանակի պահանջներին համապատասխան: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց նաև ԵՊԲՀ ռեկտոր պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, ով ըդնգծեց շարունակական կրթության անհրաժեշտությունը հատկապես սրտաբանության ոլորտում, որը զարգանում է շատ արագ:
Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ցուցադրվեց Սրտաբանների հայկական ասոցիացիայի պատմությանը և ձեռքբերումներին նվիրված ֆիլմ: Այնուհետև Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը սրտաբանության ոլորտում ունեցած մեծ ծառայությունների և հայաստանյան սրտաբանության զարգացման մեջ մեծ ներդրման համար Ասոցիացիայի Ոսկե Մեդալով պարգևատրեց աշխարհահռչակ պրոֆեսորներ Ալեք Վահանյանին /Ֆրանսիա/ և Բագրատ Ալեքյանին /ՌԴ/: Պարգևատրմանը նախորդեց հարգարժան պրոֆեսորներին նվիրված տեսահոլովակների ցուցադրում: Պրոֆ. Ալեք Վահանյանը և պրոֆ. Բագրատ Ալեքյանը ելույթ ունեցան շնորհակալան խոսքով և գիտական զեկույցներով: Ասոցիացիայի պատվոգրերով պարգևատրվեցին մեկուկես տասնյակ հայ սրտաբաններ:
Վեհաժողովը, մասնակիցների վկայությամբ, անցավ բարձր գիտական և կազմակերպչական մակարդակով: Երկու երիտասարդ սրտաբաններ արժանացան ճանապարհորդական գրանտի:
Վեհաժողովը ընտրեց Սրտաբանների հայկական ասոցիացիայի Վարչության նոր կազմ: