Հայաստանի սրտաբանների ասոցիացիան ESC 2025 վեհաժողովում – ESC EuroAsia Task Force միջոցառում

ESC 2025 վեհաժողովի շրջանակներում (Մադրիդ, Իսպանիա) անցկացվեց Եվրոպայի սրտաբանության ընկերության (ESC) Եվրասիական Աշխատանքային խմբի կազմակերպած համատեղ գիտական նիստ, որին ներկա էր նաև ESC-ի ընտրված նախագահ պրոֆ. Սեսիլիա Լինդեն։ Ֆորումը համախմբեց առաջատար սրտաբան-էքսպերտների Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Կիրգիզստանից, Ուզբեկստանից և Վրաստանից։ Քննարկման հիմնական թեման էր․ « PCI-ի, ICD իմպլանտացիայի և նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիայի հնարավորությունը Եվրասիա
տարածաշրջանում. ինչքանո՞վ ենք առաջ գնացել»։
Այս գիտական աննախադեպ գիտական միջոցառումը կազմակերպվել էր ESC EuroAsia Task Forceի նախագահ պրոֆ. Ռոբերտ Գիլի կողմից՝ նպատակ ունենալով գնահատել տարածաշրջանային առաջընթացը և մարտահրավերները սրտանոթային ժամանակակից միջամտությունների հասանելիության ապահովման գործում։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան hպարտությամբ մասնակցեց այս կարևոր քննարկմանը՝ ներկայացնելով զեկույց․ «Սուր և քրոնիկ կորոնար համախտանիշների ինվազիվ բուժումը. իրավիճակի ներկայացում Եվրասիա տարածաշրջանում»։
Մասնակցությունը ղեկավարում էր ՀՍԱ նախագահ՝ պրոֆ. Համլետ Գ. Հայրապետյանը, իսկ զեկույցը ներկայացրեց բժիշկ Մարինե Սարգսյանը։ Իր ելույթում նա ներկայացրեց PCI և CABG վիճակագրական տվյալների վերլուծությունը Եվրասիա տարածաշրջանի երկրներում, համեմատելով դրանք Եվրոպական Միության տվյալների հետ։ Այս համադրությունը հնարավորություն տվեց ընդգծելու թե՛ միջամտությունների ծավալների, թե՛ ռեվասկուլյարիզացիայի ստրատեգիաների հասանելիության
տարբերությունները՝ հստակ պատկերացում տալով, թե ինչպիսի մակարդակում է գտնվում Եվրասիա տարածաշրջանը եվրոպական չափանիշների համեմատ։
Քննարկումների ընթացքում ընդգծվեցին և՛ որոշ երկրների կողմից գրանցված նշանակալի առաջընթացը, և՛ առկա մարտահրավերները։ Բարձրաձայնվեցին մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ենթակառուցվածքների տարբերությունները, ժամանակակից միջամտական տեխնոլոգիաների հասանելիությունը, ինչպես նաև
ինվազիվ սրտաբանների շարունակական կրթության և վերապատրաստման անհրաժեշտությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Հայաստանի համար սա ոչ միայն հնարավորություն էր ներկայացնելու ազգային և տարածաշրջանային իրավիճակը, այլև ակտիվորեն համագործակցելու Եվրասիայի երկրների հետ։ Տվյալների վերլուծության արդյունքում՝ Հայաստանի սրտաբանների ասոցիացիան վերահաստատեց իր հանձնառությունը՝ բարձրացնելու սրտանոթային բժշկական օգնության որակը և հասանելիությունը ինչպես մեր երկրում, այնպես էլ տարածաշրջանում։
Այս ֆորումը կարևոր հարթակ դարձավ գիտելիքների փոխանակման համար՝ հնարավորություն ընձեռելով սովորելու տարածաշրջանային փորձից, որոշելու ընդհանուր առաջնահերթությունները և ամրապնդելու համագործակցությունը Եվրասիայի երկրների միջև։ Ի վերջո, նման նախաձեռնությունները նպաստում են պացիենտների առողջության բարելավմանը և ապահովում, որ ժամանակակից սրտանոթային միջամտությունները՝ PCI, CABG, ICD իմպլանտացիա և նախասրտերի ֆիբրիլյացիայի աբլացիա, ավելի լայնորեն հասանելի դառնան ողջ տարածաշրջանում։
