Ասոցիացիա

Կանխարգելիչ Սրտաբանության առաջին գիտաժողով

2024թ նոյեմբերի 28-30-ը ք. Երևան Հոլիդեյ ինն հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից կազմակերպված Կանխարգելիչ Սրտաբանության առաջին գիտաժողովը: Գիտական զեկուցումները նվիրված էին զարկերակային հիպերտենզիայի, դիսլիպիդեմիայի, հղիների սիրտ անոթային հիվանդությունների կանխարգելման և վարման, մարմնի ավելորդ քաշի և ճարպակալման, սպորտային բժշկության, ծխախոտամոլության և սիրտ անոթային հիվանդությունների ռիսկի այլ գործոնների ժամանակակից թեմաներին: Առանձին գիտական նիստ նվիրված էր կարդիոօնկոլոգիային, որը հանդիսանում է աշխարհում սրտաբանության զարգացող ճուղերից մեկը, սակայն Հայաստանում այն դեռևս մնում է քիչ ուսումնասիրված և այս թեման առաջին անգամ էր մտցվել գիտաժողովների ծրագրի մեջ: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱՆ բուժօգնության վարչության պետ Քնար Ղոնյանը, ով կարևորեց կանխարգելիչ սրտաբանության դերը Հայաստանում հիվանդացության և մահացության նվազման գործում: Այս առումով նա կարևորեց ՀՀ Առողջապահության նախարարության և Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի համագործակցությունը կանխարգելիչ պետական ծրագրերի մշակման գործում և առաջարկեց գիտաժողովի աշխատանքների ամփոփումից հետո ներկայացնել առաջարկություններ Առողջապահության նախարարությանը՝ ապագա պետական ծրագրերում հաշվի առնելու համար:

Այնուհետև ՀՍԱ նախագահ Համլետ Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանի ցուցանիշները և տեղը Սրտաբանության Եվրոպական ընկերության 2023թ ԱՏԼԱՍ ում: Զեկուցումներով հանդես եկան Հայաստանի առաջատար մասնագետներ , ինչպես նաև երիտասարդ խոստումնալից սրտաբաններ, հարակից մասնագիտությունների ճանաչված մասնագետներ:

Գիտաժողովի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 30 ին տեղի ունեցավ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և European Heart Journal –ի առցանց համատեղ նիստ , որը առաջին անգամ էր իրականացվում մեր սրտաբանության պատմության ընթացքում: Նիստը վարում էին EHJ –ի գլխավոր խմբագիր պրոֆ. Ֆիլլիպո Կրեան (Իտալիա), Արևելյան Եվրոպայի գծով խմբագիր պրոֆ. Պետար Սեֆերովիչը (Սերբիա) և ՀՍԱ նախագահ պրոֆ. Համլետ Հայրապետյանը: Զեկուցումներով հանդես եկան հայաստանյան կողմից ՝ պրոֆ Պ.Հ. Զելվեյանը («Զարկերակային հիպերտենզիան որպես սիրտ անոթային հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոն» ), պրոֆ. Ա.Լ. Չիլինգարյանը («Դիսլիպիդեմիայի բուժման նորագույն միջոցները») , պրոֆ. Ֆիլլիպո Կրեան, ով ներկայացրեց EHJ-ի վերջին 1 տարվա ամենաշատ ընթերցված և ցիտված հոդվածները և հետազոտությունները , պրոֆ. Պետար Սեֆերովիչը , ով ներկայացրեց EHJ –ի սրտային անբավարարությանը նվիրված ամենաարժեքավոր հոդվածները և հետազոտությունները: Յուրաքանչյուր զեկուցումից հետո տեղի ունեցավ քննարկում հարց ու պատասխանի ձևով: Նիստը ամփոփեցին մոդերատորները, ովքեր նշեցին
այս միջոցառման եզակիությունը և գործնական մեծ նշանակությունը: ՀՍԱ նախագահ Համլետ Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին միջոցառման կազմակերպման և հրաշալի ելույթների համար:
Գիտաժողովի աշխատանքները ամփոփեց ՀՍԱ նախագահ Համլետ Հայրապետյանը:
Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 200 սրտաբաններ, թերապևտներ Հայաստանի տարբեր կլինիկաներից:
Մասնակիցներին կտրվի 14 ՇՄԶ կրեդիտներ: