Ասոցիացիա

Նախագահի ուղերձ

Նախագահի ուղերձ

Հայաստանի սրտաբանների ասոցիացիա

Հարգելի գործընկերներ, 
ողջունում եմ ձեզ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի պաշտոնական կայքէջում։ Հաշվի առնելով 21-րդ դարի տեղեկատվական մարտահրավերները՝ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի գործունեության լուսաբանման տեղափոխումն առցանց հարթակ հանդիսանում էր արդի պահանջ։ Արդյունքում ստեղծվեց armcardio.am կայքը։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան հիմնադրվել է 1996թ․ (հիմնադիր-նախագահ ակադեմիկոս Կառլեն Գրիգորի Ադամյան) և հանդիսանում է 1965թ․ գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը։ Հայաստանի սրտաբանների ասոցիացիան 1997 թվականից հանդիսանում է Սրտաբանության եվրոպական ընկերության լիիրավ անդամ, ինչը հնարավորություն է տալիս քննարկել եվրոպական սրտաբանության արդի կազմակերպչական և գիտական խնդիրները, ներկայացնել սեփական տեսակետները։ 
Նորաստեղծ հարթակը հնարավորություն կտա սրտաբանության ոլորտի բժիշկ-մասնագետներին փոխանակվել մասնագիտական, գիտական և պրակտիկ հմտություններով։ Կայքէջում հնարավոր կլինի ծանոթանալ ասոցիացիայի գործունեությանը, մասնավորապես՝ հայրենական սրտաբանության գիտական և գործնական նորություններին, գիտական հետազոտությունների արդյունքներին, տարբեր սրտաբանական կլինիկաների և առանձին մասնագետների գործնությանը, Սրտաբանության եվրոպական ընկերության կողմից առաջարկվող ուղեցույցների հայալեզու տարբերակներին։
Կայքէջում կգտնեք տեղեկատվություն պարբերաբար կազմակերպվող գիտաժողովների, վեբինարների բովանդակության, ժամանակացույցի և օրակարգի մասին։
Սիրտ-անոթային հիվանդությունները հանդիսանում են մահացության առաջատար պատճառը Հայաստանում, ուստի դրանց արդյունավետ բուժմանն ու կանխարգելմանն ուղղված աշխատանքները գտնվում են Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի ուշադրության կիզակետում։ Ասոցիացիայի գործունեության գլխավոր նպատակն է նպաստել Հայաստանում սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող պացիենտների առավել երկար և որակյալ կյանքի ապահովմանը՝ գործելակարգերի մշակման և գործնական ներդրման, գիտաժողովների, այլ գիտա-կրթական միջոցառումների օգնությամբ բժշկական ոլորտի աշխատակիցների կատարելագործման և պացիենտների կրթման միջոցով։ Մեր կայքէջում կլուսաբանենք հայաստանաբնակ և արտերկրում ապրող և աշխատող հայ սրտաբանների հաջողությունները։ Հատուկ ուշադրություն կդարձնենք երիտասարդ սրտաբանների գործնեությանը, նրանց կրթական ծրագրերին և խնդիրներին։
Կայքում հասանելի կլինի նաև ապացուցողական հիմք ունեցող հանրամատչելի տեղեկատվություն իրենց առողջության պահպանմամբ, հիվանդությունների առաջնային և երկրորդային կանխարգելմամբ հետաքրքրված պացիենտների համար։
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան միշտ բաց է բժշկական մասնագիտական կազմակերպությունների հետ համագործակցության և առաջարկների համար իր առջև դրված մարտահրավերներն իրականացնելու ճանապարհին։ Ակնկալում եմ ձեր աջակցությունը մեր ասոցիացիայի կայքէջի լիարժեք կայացման գործում։
Հարգանքով՝ 
Համլետ Հայրապետյան
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ

Նախագահի ուղերձ

Հայաստանի սրտաբանների ասոցացիա