Պացիենտի դպրոց
Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի մտահղացմամբ և Սերվիյե դեղագործական ընկերության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 20.07.2023թ.-ին <<Էրեբունի>> ԲԿ Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում մեկնարկեց <<Պացիենտի դպրոց>> անվանումով հանրամատչելի դասախոսությունների, հարց ու պատասխանների, սեմինար-հանդիպումների շարքը։ Առաջին դասախոսությունը նվիրված էր Զարկերակային հիպերտենզիային, մատչելի կերպով ներկայացվեց, թե ի՞նչ է զարկերակային հիպերտենզիան, ի՞նչպիսի տարածվածություն ունի, ի՞նչպես հայտնաբերել հիվանդությունը, կանխել բարդությունները` շեշտը դնելով հատկապես այն ասպեկտների վրա, որոնք առավելապես կախված են բուժառուից։ Առավել մանրամասն կանգ առանք հատկապես զարկերակային հիպերտենզիայի ոչ դեղորայքային բուժման ասպեկտների վրա` ցույց տալով կենսակերպի փոփոխության կարևորագույն և անփոխարինելի դերը հիվանդության բուժման հարցում։
Վերլուծեցինք հիվանդության մասին հասարակության մեջ տարածված այն <<մոլորություններն>> ու <<առասպելները>>, որոնք հաճախ խոչընդոտում են պացինետին ճիշտ ժամանակին դիմել բժշկին, անջրպետ են հանդիսանում բժիշկ-պացիենտ արդյունավետ երկխոսության մեջ և հաճախ պատճառ դառնում անդառնալի հետևանքների առաջացման համար։ Դասախոսությունը վարեց <<Էրեբունի>> ԲԿ Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի սրտաբան, ԵՊԲՀ հետբուհական շարունակական մանսագիտական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի ասիստենտ Մարիամ Թադևոսյանը, մասնակցում էին մոտ չորս տասնյակ պացիենտներ, նրանց ընտանիքի անդամներ, որոնք բավականին մեծ հետաքրքվածություն ցուցաբերեցին նյութի վերաբերյալ` ուղղելով բազմաթիվ հարցեր։
Այս առաջին փորձառությունը մեզ ցույց տվեց, որ պացիենտների հետ այսպիսի ֆորմատով հանդիպումները իրենց արդյունավետությամբ և օգտակարությամբ հաճախ կարող են գերազանցել բժշկի հետ մեկանգամյա, կարճատև շփմանը, ուստի նմանօրինակ դասախոսությունները կրելու են շարունակական բնույթ` բուժառուների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով սիրտ-անոթային հիվանդությունների տարածվածությունը, բարդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու, բուժման արդյունավետությունը բարձրացնելու հույսով։