Ասոցիացիա

ԿԱՅԱՑԱՎ ՍՐՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

Հարգելի՛ գործընկերներ, 2025 թվականի ապրիլի  25-26-ը Գյումրու  Արաքս հյուրանոցային համալիրում անցկացվեց  «Սրտային անբավարարություն» թեմայով ենթամասնագիտական դպրոց:

 Ինչպես նախորդ էխոսրտագրությանը նվիրված դպրոցում, այս անգամ ևս միջոցառման բացմանը ներկա էր Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախա-գահ` բ.գ.դ., պրոֆ. Համլետ Հայրապետյանը, ով ողջույնի խոսքում հավանություն տվեց Երիտասարդ սրտաբանների աշխատանքային խմբի այս նախաձեռնությանը, նմանատիպ միջոցառումների ձևաչափը համարելով արդյունավետ և հեռանկարային:

«Սրտային անբավարարություն» դպրոցի ծրագրի ղեկավար Սերգեյ Պեպոյանն իր բացման խոսքում սեմինարի իրականացման համար հատուկ շնորհակալություն հայտնեց պրոֆ. Հ. Հայրապետյանին, միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:

Երիտասարդ սրտաբանների խմբի ղեկավար Ռոստամ Շամոյանը ներկայացրեց, թե Սրտաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների ցանկում ինչպես ներդրվեց ենթամասնագիտական դպրոցներ անցկացնելու գաղափարը և նշեց, որ սեմինարների այսպիսի ձևաչափը միջազգային փորձում ունի արդեն լուրջ հաջողություններ՝ երիտասարդ սրտաբաններին որոշակի ուղղությամբ կրթելու, մասնագիտական պրակտիկայի և գիտության հարցում կողմնորոշելու առումով: Այն որդեգրվել է Սրտաբանության եվրոպական միության(ESC) կողմից կազմակերպվող ենթամասնագիտական դպրոցների օրինակով: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց պրոֆ. Հ. Հայրապետյանին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու և մի շարք ծրագրերում երիտասարդ սրտաբաններին ներգրավելու համար:  

Հատուկ շնորհակալություն գիտակազմակերպչական կոմիտեի մյուս բոլոր անդամներին՝ բ.գ.դ., պրոֆ. Արամ Չիլինգարյանին, Արամ Տերտերյանին, Արման Դանոյանին, Վահան Հակոբջանյանին և Արման Բախտիկյանին։

Միջոցառումն անցավ հիանալի մթնոլորտում, իսկ մատուցված ինֆորմացիան համահունչ էր սրտային անբավարարության վարման ժամանակակից մոտեցումներին։ Զեկույցները ներկայացվեցին ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան վերջին ուղեցույցների լույսի ներքո:

Պատկերասրահ