Ասոցիացիա

Հուշագրի կնքում

03.07.2026

Ս․թ․ հունիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ աննախադեպ իրադարձություն՝ հուշագրի ստորագրում ՀՀ առողջապահության նախարարության և Սրտաբանների հայկական ասոցիացիայի միջև։ Հուշագիրը ստորագրեցին ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Սրտաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Համլետ Հայրապետյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, ԱՆ աշխատակիցներ և «Սրտաբանների հայկական ասոցիացիայի» Վարչության անդամներ Համայակ Սիսակյանը, Տիգրան Աստվածատրյանը, Միքայել Ադամյանը, Մարինե Օրդյանը։ 

«Թեև մինչև հիմա էլ շատ սերտ համագործակցություն ենք ունեցել «Սրտաբանների հայկական ասոցիացիայի» հետ, բովանդակային փոփոխություններից առաջ պարտադիր լսել ու հաշվի առել ձեր կարծիքն ու դիտարկումները, բայց կարևոր է նաև այս ամենը դնել ինստիտուցիոնալ հիմքի վրա», համաձայնագրի ստորագրումից առաջ նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հատկապես մասնագետների հավաստագրման, բժշկական կենտրոնների լիցենզավորման, ուղեցույցների ու չափորոշիչների մշակման գործում նախարարն անհրաժեշտ է համարել մասնագիտական համայնքի` ասոցիացիաների ներգրավվածությունը:

Նախարարի խոսքով` «Սրտաբանների հայկական ասոցիացիան» միշտ աչքի է ընկել միասնական ակտիվությամբ, ինչն էլ ապահովել է նրանց ձայնը լսելի դարձնելն ու գերատեսչության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

«Սրտաբանների հայկական ասոցիացիայի» նախագահ Համլետ Հայրապետյանը, ոլորտի զարգացման գործում կարևորելով փորձառու մասնագետների դիտարկումները մշտապես հաշվի առնելու գերատեսչության պատրաստակամությունը, նշել է, որ իրենք էլ իրենց հերթին պատրաստ են ջանքերը մեկտեղելու` ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար:

Համաձայնագրի ստորագրումից հետո նախարարն առաջարկել է մշակել համագործակցության հնգամյա ռազմավարությունը, մեկնարկի համար ներկայացնել երեք առաջնահերթ ուղղություններ: 

Ասոցիացիայի անդամները տեղում ներկայացրել են այն երեք կարևոր առաջնահերթությունները, որով և մեկնարկել է Առողջապահության նախարարություն- «Սրտաբանների հայկական ասոցիացիա» պաշտոնական համագործակցությունը:

Պատկերասրահ